InstaAgent հավելվածը երկար ժամանակ հավելվածների խանութների առաջին հորիզոնականներում էր, որովհետեւ հնարավորություն էր տալիս Instagram-ում տեսնել սեփական պրոֆիլի հյուրերին։ Սակայն պարզվել է, որ InstaAgent-ը գողացել է սոցցանցի օգտատերերի հաշիվները։ Բացահայտման մասին տեղեկացնում է The Verge-ը։
Հավելվածի վիճելի բնույթի մասին առաջին անգամ հայտնել էր մի iOS ծրագրավորող, որը Twitter-ում գրանցվել էր David L-R անունով։ Նա գրել է, որ InstaAgent-ը սոցցանցից լոգինն ու գաղտնաբառը գաղտնագրված եղանակով ուղարկում է անհայտ սերվերների։ Google-ը վայրկենապես վերացրել է Google Play-ի այդ հավելվածը, իսկ App Store-ից վնասակար հավելվածը հեռացվել է մի քիչ ավելի ուշ, տեղեկացնում է Gazeta-ն։
Չնայած Instagram-ի զգուշացումներին այն մասին, որ չի կարելի կասկածելի հավելվածներ տեղադրել, InstaAgent-ը անվճար ընդլայնումների վերին աղյուսակներում է հայտնվել։ Google Play-ում վերոհիշյալ հավելվածի մասին տեղեկությունների համաձայն, այն ներբեռնել է 100 հազարից 500 հազար օգտատեր։ Նրանց, ովքեր նախապես տեղադրել էին InstaAgent, խորհուրդ են տալիս փոխել Instagram-ի հաշվի գաղտնաբառը։





























