ՌԴ եւ Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջավադ Զարիֆը այսօր՝ նոյեմբերի 11-ին՝ Վիեննայում նոյեմբերի 14-ին կայանալիք Սիրիայի աջակցության խմբի հանդիպման նախօրեին, հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
«Քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորման ուղիները։ Վիեննայում նոյեմբերի 14-ին կայանալիք Սիրիայի աջակցության խմբի հանդիպման նախօրեին նախարարներն ընդգծել են կառուցողական մոտեցման եւ ահաբեկչության դեմ պայքարում միջազգային ջանքերի հստակ համակարգման անհրաժեշտությունը»,- նշել են նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Կողմերն ընդգծել են, որ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության պատվիրակության միջեւ երկխոսությունը պետք է կայանա ՄԱԿ հովանու ներքո, իսկ արտաքին ուժերը, այդ թվում՝ Սիրիայի աջակցության խմբի անդամները պետք է օգնեն կողմերին համաձայնության հասնել։
Զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։





























