Այս շաբաթ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն (ԻՏՁՄ) էապես համալրել է իր շարքերը: Միության նոր անդամներ են դարձել  բջջային խոշորագույն օպերատոր VIVACell MTS, Publicus Hepta (HP ներկայացուցիչ), Essential Solutions, AcTrade-Soft, Sabio Strategc Solutions, Intracall ընկերությունները:

ԻՏՁՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անդամ ընկերությունների համալրումը տեղի է ունեցել ԻՏՁՄ վարչության նիստի ժամանակ: Նիստի կարեւորագույն հարցերից էր նաեւ DigiTec 2010 ցուցահանդեսը, որն ավանդաբար իր շուրջ է համախմբում տեխնոլոգիական հասարակությանը: Ներկա դրությամբ ցուցահանդեսի 72 տոկոս տարածքն արդեն զբաղեցված է, մասնակցության հայտ են ներկայացրել 30 ընկերություն:

Վարչության նիստի ընթացքում քննարկվել է նաեւ ԼՂՀ-ում տեխնոլոգիական ձեռներեցությանը նվիրված ֆորում անցկացնելու հարցը: Այն կանցկացվի հոկտեմբեր ամսին Ստեփանակերտ քաղաքում կայանալիք «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակում: Վարչության կողմից որոշվել է  դիտարկել ԼՂՀ ՏՀՏ զարգացումը որպես պիլոտային փուլ` հաջողակ փորձը Հայաստանի այլ մարզերում կիրառելու նպատակով:

Նշենք, որ մինչ այս համալրումը Միության անդամ էին հանդիսանում  41 կազմակերպություններ ու ընկերություններ: Այսպիսով` ոլորտի 240 ընկերություններից 47-ը ԻՏՁՄ անդամ են հանդիսանում: