Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը Բաքվի իր հարազատ տունը վերադառնալու իրավունք եւ երաշխիքներ ստանալու խնդրանքով դիմել է ՄԱԿ-ի փախստականների գրասենյակ։ Այս մասին նա տեղեկացրեց սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ մյուս ադրբեջանահայերին եւս կոչ է արել հետեւել իր օրինակին։ «Եթե Ադրբեջանը գործունակ երկիր է, ինչպիսին ուզում է երեւալ, իրավունք չունի արգելել մեզ վերադառնալ մեր հարազատ բնակավայրերը: Հակառակ դեպքում նա միջազգային հանրությանը ցույց կտա իր շովինիստական դեմքը»,- համոզմունք հայտնեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը՝ ավելացնելով, որ ինչպես ինքն, այնպես էլ մնացած ադրբեջանահայերն իրավունք ունեն  պահանջել ՄԱԿ-ի փախստականնների գրասենյակից եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից ապահովել իրենց անվտանգությունը, ինչպես ապահովված է Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացու անվտանգություն։ «Ես, ոչ պակաս, քան Ադրբեջանի յուրաքանչյուր քաղաքացի, իրավունք ունեմ ընտրվել միլի-մեջլիսի պատգամավոր, եւ դա ոչ ոք չի կարող ինձ արգելել»,- նշեց Գրիգորի Այվազյանը։

Նրա խոսքով, թե ինչ ճանապարհներով ՄԱԿ-ն ընթացք կտա իր դիմումին, այդ կառույցի խնդիրն է, սակայն փաստ է, որ ե՛ւ իրեն աջակցելու, ե՛ւ մերժելու գործընթացները նախադեպ կլինեն։ «ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը պետք է անհրաժեշտ միջնորդական առաքելություն իրականացնի, ընթացք տա իմ եւ էլի մի քանի ադրբեջանահայերի՝ սեփական տուն վերադառնալու դիմում-պահանջին։ Ես պատրաստ եմ հանուն այդ մարդկանց զոհել ինձ, եւ առաջինը գնալ Բաքու։ Ընդ որում, պետք է նշեմ, որ Ադրբեջան վերադառնալ ցանկացող հայերի թիվն ուղիղ համեմատական է այստեղ վերադառնալ ցանկացող ադրբեջանցիների թվին»,- տեղեկացրեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը։ «Բացի այդ, ուզում եմ նշել, որ Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ում սեպտեմբերի 9-ին ներկայացվելիք հակահայ բանաձեւի մերժումը յուրօրինակ նվեր կլինի ծննդյանս օրվան»,- նկատեց Գրիգորի Այվազյանը։

NEWS.am-ի հարցին, թե ՄԱԿ-ի փախստականների գրասենյակը նախանշե՞լ է հատուկ ժամկետներ, թե ինչ ժամանակում է վերջնական պատասխան տալու իր դիմումին, Գ. Այվազյանը պատասխանեց, որ գրասենյակում ինքը եղել է ընդամենը 2-3 շաբաթ առաջ եւ էական պատասխան դեռեւս չի ստացել։ «Սակայն այնտեղ ասել եմ, որ ես եւ մնացած բոլոր մարդիկ չեն կարող երկար սպասել, եւ պետք է հնարավորինս շուտափույթ պատասխան տալ մեզ»։

Ամփոփելով՝ նա հայտնեց, որ Ադրբեջան վերադառնալու իր դիմումը նախեւառաջ քարոզչական բնույթ է կրում։