Լեռնային Ղարաբաղի պետականության հռչակումը հիմնված է բացառապես իրավական հիմքի վրա:  Այս մասին սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ, Արցախյան շարժման մասնակից Կիմ Բալայանը: Նա նշեց, որ միջազգային բոլոր ատյաններում պետք է հնչեցվի ԼՂ անկախացման այդ իրավական հիմքերի մասին:

«Ադրբեջանը, երբ հայտարարեց իր անկախությունը, իրեն հայտարարեց ոչ թե Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածք, այլ որպես 1918-20 թվականների Ադրբեջանի ժառանգորդ: Իսկ 1918-20 թվականերին, ոչ միայն ԼՂ-ի տարածքը, այլ նաեւ  Նախիջեւանի տարածքը չի մտել Ադրբեջանի կազմի մեջ: Սա այն իրավական հիմքն է, որի մասին մենք երբեք չպետք է մոռանանք»,-նշեց Բալայանը: Նա նաեւ հավելեց, որ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը եւս վերացվեց Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշման հիման վրա:  

Հարցին, թե, արդյոք,  այս իրավական հիմքը որքանո՞վ կարող է օգտագործվել բանակցային գործընթացում, Կիմ Բալայանը պատասխանեց, որ թեեւ բանակցային գործընթացի մանրամասներին չի տիրապետում, սակյան համոզված է, որ իր նշած իրավական հիմքերը ինչ-որ պահի մեջտեղ են բերվելու: «Ցավոք սրտի, աշխարհի պատմության մեջ երբեք չի եղել, որ որեւէ փաստի իրավական գնահատական տրվի, եթե չկա քաղաքական շահագրգռվածություն: Իրավական բոլոր փաստարկները սկսում են աշխատել միայն մի պարագայում՝ երբ քո պետությունն ունի ամուր հիմքեր` ազատ աշխարհի մեծերին համահունչ քաղաքականություն իրականացնելու համար: Իսկ դա պրոցես է, եւ մենք այդ ուղղությամբ չենք կարող արագ զարգացում ապրել»,-ասաց ՍԴ անդամը: