Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում հայկական ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից մեկն էլ այսօր՝ նոյեմբերի 12-ին, դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:
Նրանց փոխանցմամբ՝ տուժածներից մեկն էլ հաջորդ շաբաթ է դուրս գրվելու:
«Ծանր վիճակում է գտնվում մի տուժած, որը վիճակում դրական տեղաշարժ կա, բարդություններ չունի»,- ասացին հիվանդանոցից:
Ինչ վերաբերում է Մոսկվայում բուժվող երկու վիրավորներին, ապա նրանց վիճակը կայուն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:
Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:





























