ԼՂ խնդրի լուծումը պետք է որոնել իրավական շրջանակներում, այլապես քաղաքական շրջանակներում դա անհնար է: Արցախի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ, Սուրեն Զոլյանը: Ըստ նրա, այսօր ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ընդգրկված պետություններն ունեն ծայրաստիճան տարբեր քաղաքական շահեր ու դրանց ճիշտ բալանսը գտնելը գրեթե անհնար է: «Այս առումով, 20 տարի անց, 60 տարի անց Ղարաբաղի հարցն իր լուծումը չի գտնի, քանի դեռ կառչելու ենք միայն ու միայն քաղաքական կոնյուկտուրայից»,-ասաց Զոլյանը, ով 1991-92 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում մասնակցել է ԼՂ բանակցային գործընթացին:

Այս համատեքսում Զոլյանը հիշեցրեց  Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի անկախության հռչակման վերաբերյալ եւ նշեց. «Տեսեք, թե ինչ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել. միջնորդ երկրները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը միակողմանի ձեւով ճանաչել են Կոսովոյի անկախությունը, իսկ ՌԴ-ն` Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի: Այն դեպքում, երբ այդ ճանաչված պետությունները չունեին նույն այն իրավական հիմքերը, որոնք ունի ԼՂ-ն»,-նկատեց Զոլյանը: Հետեւաբար, ըստ նրա, ԼՂ բանակցությունների շրջանակում միջնորդներն այսօր չեն կարող ասել, որ իրավական սկզբունքները չեն գործում: