Ռուսաստանը Թուրքիայի տնտեսական եւ մշակութային հիմնական գործընկերն է։ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ թուրք քաղաքագետ, Ստամբուլի համալսարանի դասախոս Բեհլուլ Օզքանը։
Որպես ասվածի վկայություն՝ նա նշեց, որ թուրքերի ու ռուսների միջեւ խառնամուսնությունների քանակը հասնում է 400 հազարի։ Քաղաքագետը միաժամանակ հայտարարեց, որ հայ-թուրքական գործընթացում Ռուսաստանը դանակ խրեց Թուրքիայի թիկունքը։ «Եթե Թուրքիան իմանար, որ հայ-թուրքական գործընթացում Ռուսաստանն իրեն այդպես կպահեր, ընդհանրապես չէր մասնակցի դրան»,- հավաստիացրեց փորձագետը։
Նրա խոսքով, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման սկզբից էլ Թուրքիան սպասում էր Ռուսաստանի կողմից աջակցության, սակայն Մոսկվան, նրա պնդմամբ, այս ուղղությամբ վերջին ժամանակներս նախաձեռնություն չի ցուցաբերում։ «Մոսկվան ի սկզբանե հետաքրքրված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, սակայն երբ Անկարան գործընթացը պայմանավորեց որոշ տարածքների հանձնմամբ, Մոսկվան կորցրեց հետաքրքրությունը, քանի որ նա չի ցանկանում հայ-ադրբեջանական հարաբերությունների լավացում»,- ասաց թուրք դասախոսը:
Նա նշեց, ու Ռուսաստանը շահագրգռված է նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատացմամբ, քանի որ այդ դեպքում Անկարայի տեղն Ադրբեջանում կզբաղեցնի Մոսկվան։



























