Իրանը չի կատարի միջուկային ծրագրի վերաբերյալ «վեցնյակի» հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ մտցնի, Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Հասան Ռոհանին։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը նոր պատժամիջոցներ մտցնի, Ռոհանին ասել է. «Պարտավորությունները հետեւյալն են. «վեցնյակը» նոր պատժամիջոցներ չի մտցնի, իսկ մենք պիտի կատարենք պայմանավորվածությունները։ Բայց եթե ԱՄՆ-ը կամ այլ երկրներ չկատարեն իրենց պարտավորությունները, մենք եւս ստիպված կլինենք նույն կերպ վարվել»։ Ռոհանին նաեւ նշել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնություններ են մնում, որովհետեւ ամերիկացիները չեղյալ են համարել իր երկրի նկատմամբ ոչ թե բոլոր պատժամիջոցները, այլ սոսկ նրանք, որոնք կապված են միջուկային ծրագրի հետ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները այլ պատմություն են։ Բայց համաձայնության ընդունման դեպքում դա կարող է ապագայում եւս ազդել նրանց վրա։ Եթե համաձայնությունները լավ իրականացվեն, դա հիմք կստեղծի ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման համար՝ պայմաններ ստեղծելով նոր ժամանակաշրջանի մեկնարկի համար (հարաբերություններում)։ Բայց եթե ամերիկացիներն իրենց կողմից չկատարեն միջուկային համաձայնագրի մի մասը, ուրեմն բնական է, որ նրա հետ մեր հարաբերությունները կմնան նույնը, ինչ անցյալում»,- հավելել է նա։





























