Բաքվում Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ավելի հստակ կլինեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ դրանց տարածաշրջանային նշանակությունը: Այս մասին Արցախի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանն այն երկիրն է, որը կփորձի Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները բալանսի բերել: Դրա հետ մեկտեղ հասկանալի է, որ երաշխիքների առումով Ռուսաստանը լուրջ պարտավորություններ ունի Հայաստանի առջեւ, եւ ռազմաքաղաքական առումով գրեթե պարտավորվածություններ չունի Ադրբեջանի առջեւ»,-ասաց Մինասյանը: Նրա կանխատեսումներով՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ռուսաստանը փորձելու է ադրբեջանական կողմին համոզել, որ Հայաստանի հետ ձեռք բերած վերջին ռազմաքաղաքական պայմանավորվածությունները Ադրբեջանի դեմ ուղղված չեն: «Չեմ բացառում, որ Ադրբեջանում ռուսական կողմը կարող է նաեւ ասել, որ Ռուսաստանը կփորձի մաքսիմալ չեզոք լինել հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Բայց նաեւ մենք պետք է հասկանանք, որ եթե նույնիսկ նմանատիպ հայտարարություններ լինեն, դա առաջին հերթին ուղղված է ադրբեջանական լսարանին: Որովհետեւ, բացի ինֆորմացիոն-քարոզչական կողմից, կա նաեւ իրական քաղաքականություն»,-ասաց քաղաքագետը: Նա այս համատեքստում հիշեցրեց ժամանակ առաջ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հիշեցնենք, որ  օգոստոսի 20-ին ստորագրվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով առնվազն 49 տարով երկարաձգվում է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Ըստ արձանագրության (25-րդ հոդված), ռուսական ռազմաբազան Հայաստանում կմնա առնվազն 49 տարի, նախկին 25 տարվա փոխարեն: Բացի այդ, նշվում է, որ ռուսական ռազմաբազան Ռուսաստանի շահերը պաշտպանելուց բացի, պետք է ապահովի նաեւ Հայաստանի անվտանգությունը: Այդ նպատակների համար Հայաստան պետք է առաքվեն «ժամանակակից եւ համատեղելի զինատեսակներ, ռազմական (հատուկ) տեխնիկա»: