Սաուդյան Արաբիայի ելքը եվրոպական նավթային շուկա արդեն մտահոգություն է առաջ բերում Ռուսաստանի մոտ, որի նավթային մատակարարումների 70 տոկոսը բաժին է ընկնում եվրոպական երկրներին։ Սակայն առջեւում Ռուսաստանին շատ ավելի վատ հեռանկար է սպասում. նավթային շուկա դուրս կգա Իրանը, որի վրայից կհանվեն պատժամիջոցները, հայտնում է Bloomberg-ը։ Սաուդյան Արաբիան արդեն նավթ է մատակարարում Ռուսաստանի նավթն ավանդաբար սպառող երկրներին՝ Լեհաստանին եւ Շվեդիային, սակայն մատակարարումների ծավալները դեռեւս թույլ չեն տալիս ազդել Urals տեսակի ռուսական նավթի գների վրա։
Սակայն ռուսական նավթի սպառման ծավալների նվազելու հիմնական ռիսկերը գալիս են Իրանից։ «Արեւելաեվրոպական նավթամշակող գործարանները հարմարեցված են ռուսական Urals նավթին, եւ իր բաղադրությամբ դրան ամենամոտը Իրանի նավթն է»,- նշում է ամերիկյան Stratfor ընկերության՝ Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Ասիայի էներգետիկ վերլուծաբան Մայքլ Նայեբի Օսքոուին, փոխանցում է Gazeta-ն։
Մինչեւ 2012թ. Իրանին բաժին էր ընկնում եվրոպական նավթային շուկայի մատակարարումների մոտ 17 տոկոսը։ Իրանը Եվրոպա էր արտահանում օրական մինչեւ 600 հազար բարել նավթ։ Հիմա Իրանի իշխանությունները պատրաստ են վերականգնել օրական 520 հազար բարելի չափով մատակարարումները։





























