ԼՂՀ իշխանությունների համար ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը գերագույն նպատակ է, որին ուղղվելու են բոլոր ջանքերը: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ու հավելել. «Անկախությունը մեր ժողովրդի համար բացառիկ արժեք է եւ առաջին հերթին հիմք է դրվել եւ ձեռք է բերվել մեր հազարավոր քաջորդիների գիտակցված զոհաբերության շնորհիվ: Եվ մենք մեր պարտքն ենք համարում առաջին հերթին հիշել բոլոր նրանց եւ իբրեւ արժեւորում նրանց այդ սխրագործության եւ նրանց այդ զոհաբերության` փորձում ենք բոլոր պայմանները ստեղծել այդ անկախությունը, այդ զոհաբերության շնորհիվ ձեռք բերված անկախությունը մեկ անգամ եւս հաստատելու»:

Նա հիշեցրել է, որ 1991 թվականին սեպտեմբերի 2-ի Անկախության որոշումից հետո նույն թվականի դեկտեմբերի 10-ին Ղարաբաղի ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի միջոցով հաստատեց իր որոշումը, իսկ 2006-ի Սահմանադրության ընդունմամբ էլ վերահաստատեց այն:

Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ԼՂ խնդրի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացրած բանաձեւին, Բակո Սահակյանն ասել է. «Ադրբեջանի կողմից դա առաջին փորձը չէ: Այս տարիների ընթացքում նրանք բազմիցս հանդես են եկել տարբեր հայտարարություններով, որ Մինսկի խմբի աշխատանքները արդարացված չեն, եւ փորձում են հարցը տեղափոխել այլ միջազգային ատյաններ` հատկապես ՄԱԿ: Մենք խորապես համոզված ենք, որ այդպիսի փորձը չի կարող արդյունավետ լինել ոչ միայն Ադրբեջանի համար, այլ բուն գործընթացի համար, այդ հիմնախնդրի լուծման համար, որովհետեւ, մեր համոզմամբ, հիմնական դժվարությունները եւ այն, որ չենք կարողանում ավելի լուրջ արդյունքներ արձանագրել բանակցային գործընթացում` դա Ադրբեջանի կեցվածքի եւ նրա ծայրահեղ քաղաքականության հետ է կապված: Դա է հիմնական պատճառը, եւ Ադրբեջանը պետք է փորձի ոչ թե հարցը այլ միջազգային ատյաններ տեղափոխել, այլ կառուցողական մոտեցում ցուցաբերել, որը միանշանակ կնպաստի խաղաղ ճանապարհով խնդրին լուծում տալուն»:

Նրա խոսքով, Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունը ոչ միայն Հայաստանին, այլ առաջին հերթին նաեւ միջազգային կազմակերպություններին լուրջ պատնեշների առաջ է կանգնեցնում, որոնք ստիպված են լինում քայլեր ձեռնարկել` դադարեցնելու Ադրբեջանի նման պահվածքն ու գործողությունները: «Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից իրականացվող միջոցառումներին եւ քայլերին` անկասկած, եթե այսպես շարունակվի, ե'ւ Հայաստանը, ե'ւ Արցախը, կողմնակից լինելով հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելուն, այնուամենայնիվ, ստիպված ենք լինելու համարժեք քայլեր ձեռնարկել, եւ դա գիտակցում են նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչները»,- ընդգծել է ԼՂՀ նախագահը: