Ընթացիկ տարվա հունիսից Հայաստանի ամբողջ տարածքում թվային հեռուստատեսություն է գործել։ Այդ մասին նոյեմբերի 12-ին ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած «Հայաստանում անալոգայինից թվային հեռահաղորդակցության անցման» թեմայով քննարկմանը լրագրողներին ասել է «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդակցության ցանց» ՓԲԸ-ի տնօրեն Գրիգոր Ամալյանը։ Նա հիշեցրել է, որ հեռահաղորդակցության անալոգային համակարգից թվայինին անցումն իր տեխնիկական մասով ավարտվել է դեռեւս հունիսին։ «Ներկայումս հեռահաղորդակցությունն իրականացվում է կրկնակի ձեւաչափով՝ ինչպես անալոգային, այնպես էլ թվային։ Այս անցումն իր հետ բազմաթիվ որակական փոփոխություններ կբերի, իրավական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն կառաջանա», - նշել է Ամալյանը։
Անդրադառնալով Հայաստանում եկող տարվա հունվարի 1-ին նախատեսված անալոգային հեռահաղորդակցության անհրաժեշտությանը, նա ընդգծել է, որ մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը երաշխավորված է Սահմանադրությամբ։ «Եթե ֆորս-մաժորային իրավիճակներ առաջանան, բնականաբար կգերակայի սահմանադրական նորմը», - հավելել է Գրիգոր Ամալյանը։



























