Հայաստանում թվային հեռուստատեսությանն անցման գործընթացում գուցե փակվեն շրջանային հեռուստաընկերությունները։ Այդ մասին նոյեմբերի 12-ին ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կազմակերպած «Հայաստանում անալոգայինից թվային հեռահաղորդակցության անցումը» թեմայով քննարկմանը լրագրողներին ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով, դա կհակասի գործընթացի տրամաբանությանը, որովհետեւ նշված գործընթացի շնորհիվ տեխնիկական հնարավորությունները ընդլայնվում են։ «Եվ այս պայմաններում ուղղակի անթույլատրելի է որեւէ հեռուստաալիքի փակումը», - ընդգծել է Մելիքյանը։ Չի կարելի պնդել,-շարունակել է նա, թե հանրությունն ամբողջությամբ իրազեկված է անալոգայինից թվային հեռուստատեսության անցման գործընթացի մասին եւ որ հունվարի 1-ից անալոգային հեռուստատեսությունը պիտի անջատվի։
«Ընդհանուր առմամբ գործընթացը երեք բաղադրիչ ունի՝ տեխնիկական, սոցիալական եւ օրենսդրական։ Եթե տեխնիկական տեսանկյունից ցանցը ստեղծված է, ապա սոցիալական հարցերը, մասնավորապես, անապահով ընտանիքներին համապատասխան սարքավորման տրամադրման հարցը լուծված չէ։ Նաեւ օրենսդրական խնդիրներ գոյություն ունեն, որոնք պետությունը պիտի լուծի, իսկ ժամանակ շատ քիչ է մնացել», - նշել է Աշոտ Մելիքյանը։





























