ՄԱԿ-ում ԼՂ-ի վերաբերյալ Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւը եթե նույնիսկ ընդունվի, ապա այն որեւէ նշանակություն չի կարող ունենալ ԼՂ բանակցային գործընթացի վրա: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով՝ այդ բանաձեւն ունենալու է նույն նշանակությունը, ինչը որ ունեցել են ՄԱԿ-ի կողմից ԼՂ-ի վերաբերյալ մինչ այդ ընդունված բանաձեւերը, որոնցից վերջինն ընդունվել է 2008 թվականի մարտին:«Եթե այդ փաստաթուղթն ընդունվի, դրա մասին երկու շաբաթից հետո ոչ ոք չի հիշելու նույնիսկ Ադրբեջանում»,-ասաց Մինասյանը: Նա նաեւ հավելեց, որ այդ բանաձեւը զուտ քարոզչական նշանակություն է ունենալու: «Պիտի հասկանանք, որ քարոզչությունը պարտվածի զենքն է, եւ եթե դու հաղթել ես պատերազմում եւ դրա արդյունքում որեւէ փոփոխություն է եղել, քո հակառակորդ կողմը փորձելու է դա օգտագործել քարոզչական դաշտում: Դա անխուսափելի է, բայց այն իրական քաղաքական զարգացումների վրա դժվար թե որեւէ ազդեցություն ունենա»,-ասաց նա:
Ասուլիսին ներկա Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանն էլ իր հերթին նշեց, որ չպետք է թերագնահատել քարոզչության նշանակությունը: «Քարոզչությունը պարտվածին հնարավորություն է տալիս հաղթել այնտեղ, որտեղ ինքը պարտվել է: Ես չէի թերագնահատի ՄԱԿ-ի որոշումները, քանի որ միջազգային որոշումները կրկնապատկվելու հատկություն ունեն: Եւ եթե ՄԱԿ-ի ասամբլեան մի փաստաթուղթ է ընդունում, չի բացառվում, որ դրանում առկա նույն ձեւակերպումները տեղ գտնենք մեկ այլ փաստաթղթում»,-նշեց նա: Զոլյանի խոսքով՝ նոր բանաձեւում «օկուպացված տարածքների» մասին հիշատակումը շատ վտանգավոր է, քանի որ դրանից բխում են որոշակի քաղաքական սանկցիաներ: «Դրանք, եթե քաղաքական իրավիճակը թույլ տա, Ադրբեջանն օգտագործելու է Հայաստանի դեմ՝ արդարացնելով իր հնարավոր ագրեսիան»,-նշեց Զոլյանը: Քաղաքագետի խոսքով, եթե մենք չենք տեսնում ՄԱԿ-ի բանաձեւերի անմիջական ազդեցությունը, դա դեռ չի նշանակում, այդ բանաձեւերը մեզ համար վտանգ չեն ներկայացնում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Նյու Յորքում մեկնարկում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբելայի 65-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը:




























