Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդին, որի վթարի հետեւանքով 9 մարդ է զոհվել, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությանը:
«ՆԳՆ Տուլայի մարզային վարչության քննիչներն ավտոբուսի վարորդին մեղադրանք են առաջադրել «Տրանսպորտային միջոցի շահագործում, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան» հոդվածով: Հիմա նա մեղադրյալի կարգավիճակ ունի»,- ասել են մամուլի ծառայությունում:
Պատահարից հետո փաստի առիթով քրեական գործ էր հարուցվել: Այս հոդվածով որպես պատիժ նախատեսվում է մինչեւ 7 տարի ժամկետով ազատազրկումը:
Վթարի երկու հավանական վարկած է դիտարկվում՝ ավտոբուսի ղեկին վարորդի քնելու եւ տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության: ՌԴ ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Սավենկովի խոսքով, վթարը տեղի է ունեցել ղեկին վարորդի քնելու պատճառով: Հետաքննությունը շարունակվում է, ավտոբուսի համալիր տեխնիկական փորձաքննություն է անցկացվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է: Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է:





























