Լոռու մարզի Մարց ու Լորուտ համայքներում խոզերի աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր են հայտաբերվել. ոչնչացվել է ընդհանուր առմամբ 200 գլուխ անասուն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետ Համլետ Վիրաբյանը։
Նրա խոսքով, մարզի երկու համայնքներում էլ կարանտինային սահմանափակումներ են մտցվել։ «Մարց ու Լորուտ համայքներում կարատին հայտարարվել է օգոստոսի 26-ից։ Գյուղերի մուտքերին տեղադրվել են կարանտինային հսկողության կետեր։ Սահմանափակվել է խոզերի տեղաշարժն ու խոզի մսի տեղափոխումը»,- նշեց Համլետ Վիրաբյանը՝ ավելացնելով, որ ուժեղացված վերահսկողությանը զուգահեռ՝ լուրջ աշխատանքներ են տարվում ոչ միայն անասնագոմերի, այլ նաեւ կենդանիներին տեղափոխող տրանսպորտի եւ հորերի վարակեզեծման ուղղությամբ։
Անդրադառնալով հիվանդության տարածման միտումներին՝ Վիրաբյանը նկատեց, որ աֆրիկյան ժանտախտի դեպքերն առաջիկայում կարող են ավելանալ։ «Կապված սեզոնի, բնակլիմայական պայմանների հետ, ինչպես նաեւ հովիվների եւ կենդանիների արոտավայրերից իջնելու փաստով պայմանավորված՝ հիվանդ կենդանիների թիվը, ամենայն հավանականությամբ, կշատանա»,- նկատեց Վիրաբյանը՝ հավելելով, որ իրենց գերատեսչության կողմից իրականացվող աշխատանքները նպատակ ունեն կանխարգելել ավելի մեծ համայնքներում վարակի տարածումը:
Ամփոփելով՝ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Լոռու մարզային կենտրոնի պետը նշեց, որ աֆրիկյան ժանտախտի բացիլը բավական դիմացկուն է եւ շատ երկար է գոյատեւում։ «Այնպես որ, այն մարդիկ կամ տնտեսությունները, որոնք կենդանիների անկումից հետո 100 տոկոսով չեն կարողացել վարակազերծել իրենց տարածքները, լավ կանեն խոզաբուծությամբ չզբաղվեն մոտ 6 տարի։ Իսկ եթե վնասազերծումը կատարվել է ըստ պատշաճի, ապա խոզապահը, մեր գերատեսչության հետ նախնական պայմանավորվածության գալով, կարող է փորձնական կերպով զբաղվել մի քանի կենդանիների բուծմամբ»,- ավարտեց նա։
Նշենք, որ Լոռու մարզի 24 համայնքներում խոզերի աֆրիկյան ժանտախտ բռնկվել էր նաեւ 2007 թվականին։



























