Հեռանկարում Հայաստանը կարող է ուղղակի կապ հաստատել Ռուսաստանի էներգահամակարգի հետ: Այս մասին նոյեմբերի 12-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը՝ ներկայացնելով «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի շրջանակում Եվրոպական ներդրումային բանկի հետ 10 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը (105 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագրի հիմնական դոնոր գերմանական KfW բանկն է՝ 85 մլն եվրոյի չափով): Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առաջին 400 կՎ-անոց էլեկտրահաղորդման գիծը, որը շուրջ 3 անգամ կավելացնի երկու երկրների էներգահամակարգերի միջեւ հոսքերի թողունակությունը:

Ներկայում էլեկտրաէներգիայի փոխանակման ժամանակ Հայաստանն ու Վրաստանն այս կամ այն սահմանային էներգացանցի հատվածում մշտական հոսանքի ժամանակավոր դադարեցում են կատարում: Այս ամենը կարգավորողների մեծ աշխատանք է պահանջում: Հայաստանից Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի եւ սահմանային կայանի կառուցման դեպքում այդ խնդիրը կլուծվի:

Դրանից հետո փոխշահավետ հոսք կարող են կազմակերպել ոչ միայն Հայաստանն ու Վրաստանը, այլեւ Վրաստանն ու Իրանը: 2006 թվականին Վրաստանի եւ Իրանի էներգետիկայի նախարարները էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է էլեկտրաէներգիայի փոխադարձ հոսքի կազմակերպում, երբ նման հնարավորություն ստեղծվի: Վրաստանը կարող է Իրանի հետ էներգիա փոխանակել 350 ՄՎտ-ի սահմաններում: Դրա համար այն պետք է միանա Հայաստանի էներգահամակարգին, որը վաղուց Իրանի հետ սինխրոն ռեժիմով է աշխատում:

Փոխնախարարի խոսքով, էլեկտրահաղորդման նոր գծի շինարարությունն իրական կդարձնի նաեւ Հայաստանից ուղղակիորեն Ռուսաստանի էլեկտրաէներգիայի մատակարարումը, քանի որ Վրաստանի եւ Ռուսաստանի համակարգերն աշխատում են զուգահեռ սինխրոն ռեժիմով, ինչի շնորհիվ Վրաստանը ձմռան ամիսներին էլեկտրաէներգիա է ստանում:

Հայաստանը ցանկանում է ռուսաստանցի գործընկերներին ցույց տալ թողունակության ավելացման եւ Մոզդոկից դեպի Կավկասիոնի 500 կՎ-անոց եւս մեկ էլեկտրահաղորդման գծի կառուցման օգտակարությունը:

Հաղորդակցման գծերի ամրապնդումը շահեկան կլինի ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի համար, որը կկարողանա ուժեղացնել կապը նաեւ Եվրասիական միության ապագա միասնական էներգահամակարգի հետ: «Կարծում եմ՝ այդպիսի համակարգ կստեղծվի: Կասկած չկա, որ այն արդյունավետ կլինի. այդպիսի համագործակցության առավելությունից արդեն օգտվում են Ղազախստանն ու Բելառուսը»,- հայտարարեց Գալստյանը: