«Եթե քաղաքական մեծամասնությունը հիմնավորեց, որ այսօր պետք չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մենք չենք ճանաչի»,- այսօր` սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով այն փաստին, որ հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը քննարկելու է ԼՂՀ անկախությունը ճանաչող օրինագիծը: Այն օրակարգ է ընդգրկվել «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությամբ:

Հարցին, թե ինչպե՞ս է քվեարկելու Հանրապետական խմբակցությունը, Հ. Հակոբյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն դեռ որոշում չի կայացրել:

«Հանրապետական կուսակցությունն այսօր իշխող կուսակցություն է եւ ԱԺ-ում հայ ժողովրդի, Հայաստանի եւ ԼՂՀ-ի ճակատագրին, պատմությանը վերաբերող խնդիրները ինքը կքննարկի եւ լուծումները կտա»,- ասաց նա ու հավելեց, որ եթե ՀՀԿ-ն Ղարաբաղի ճանաչման օրինագծին դեմ քվեարկելու որոշում ընդունի, դա լինելու է հանուն ազգի շահերի: «Այդ որոշումը քաղաքական է, եւ խնդիրը միայն ԼՂ-ի անկախությունը ճի՛շտ եւ ժամանակի՛ն ճանաչելու մեջ է»,- ասաց նա: