Օրերս «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի Իլիանա Շելեւերին, որը Դուբայ-Երեւան չվերթի օդանավ Հայաստան է տեղափոխել շուրջ 3 կգ կոկաին: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանությունից:
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել` նոյեմբերի 10-ին Երեւանում հայտնաբերված կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգվածի հայտնաբերման փաստով: Համապատասխան մարմինները նոյեմբերի 10-ին, ժամը 15:34-ին Դուբայ-Երեւան թիվ 715 չվերթի օդանավի ժամանումից հետո ոստիկանություն են տեղափոխել Ուկրաինայի Հանրապետության մի քաղաքացու: Նա Զակարպատսկի մարզի Դյաչեւսկի շրջանի բնակիչ, 42-ամյա Իլիանա Շելեւերին է, ում պատկանող ուղեբեռում հայտնաբերվել է 7 հատ պլաստմասե տարաներ` նախատեսված հեղուկ օճառի համար:
Տարաների մեջ հայտնաբերվել է պոլիէթիլային տոպրակներով փաթեթավորված ընդհանուր մոտ 3.014.9 գրամ կշիռով կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ գույնի փոշենման զանգված:




























