Դուբայում հովհարիչ շարժիչներով աներեւակայելի թեչող մեքենաները կկարողանան հասնել 828 մետր բարձրություն ունեցող Բուրջ Խալիֆա երկնաքերի գագաթին, դրանք հնարավոր կլինի նաեւ հեռակառավարել։  Այդ մասին գրում է The Daily Mail-ը։

Դուբայի հրշեջ թիմերից մեկը մինչեւ տարեվերջ կստանա վերոհիշյալ թռչող սարքերը։ Կրակի դեմ պայքարում կօգնեն Martin Jetpack P12  պայուսակները՝ առաջին եւ առայժմ միակ թողարկվող նմուշը։ Ջեթփեքները հրշեջներին հնարավորություն կտան բարձրահարկերում ավելի արագ հանգցնել կրակի օջախները, տեղեկացնում է «Կոմպյուտերրան»։  

«Martin Aircraft» ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են, որ Դուբայի հրշեջները կկարողանան հասնել այնպիսի բարձրությունների, որոնց նույնիսկ ուղղաթիռները չեն հասնում։

Բարձրահարկերում հրդեհները հանգցնելու առանձնահատկությունն այն է, որ բարձր հարկերին հասնելը բացառապես բարդ է։ Վերելակները կանգնում են, ներքին սանդուղքները ծխով են լցվում եւ մասամբ փլուզվում, իսկ հրդեհային սանդուղքները չափազանց կարճ են։ Իհարկե երկնաքերները զինված են նաեւ ավտոմատ հակահրդեհային համակարգերով, բայց դա բոլորովին էլ հարյուր տոկոսանոց պաշտպանություն չէ։