Սեպտեմբերի 2-ին Գարեգին Բ կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունեցել Սբ. Գայանե վանքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ շենքը հիմնովին վերանորոգվել է լոնդոնաբնակ Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ` ի հիշատակ Ջորջ Քյուրքչյանի եւ նրա դուստր Մարինա Քյուրքչյանի:
Մանկատունը նախատեսված է կարիքավոր ընտանիքների եւ ծնողազուրկ 42 մանուկների եւ պատանիների համար, որոնք կուսանեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցում, կհաճախեն Էջմիածնի Հայորդյաց տուն: Քյուրքչյան ընտանիքը ստանձնել է նաեւ մանկատան հետագա գործունեության հովանավորությունը:
Բացման արարողության ավարտին Սուրբ Գայանե վանքի գերեզմանատանը Մայր Աթոռի բարերարներ Սարգիս եւ Աստղիկ Քյուրքչյանների շիրիմների կողքին ամփոփվել է նրանց զավակի` Ջորջ Քյուրքչյանի աճյունասափորը: Կատարվել է հոգեհանգստյան կարգ:




























