Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու այցի ընթացքում կողմերը կքննարկեն ԼՂ խնդրի վերաբերյալ Ռուսաստանի արտահայտած դիրքորոշումը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԵՄ «Արեւելյան գորընկերություն» ծրագրի Ադրբեջանի համակարգող Ավազ Հասանովը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ առաջնային կլինի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու կատարած այցի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման։
Նրա խոսքով, չնայած Ադրբեջանի պաշտոնական դեմքերը լուրջ քննադատության չեն ենթարկում Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման պայմանագիրը՝ այնուամենայնիվ գիտակցում են դրա ազդեցությունը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման վրա։ «Սրանից դատելով՝ այցի ընթացքում երկու նախագահների միջեւ կքննարկվեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ճանապարհները՝ չնայած մամուլի համար հայտարարություններ կարող են եւ չլինել»,- ասաց Հասանովը։
Նա միաժամանակ ենթադրեց, որ Ադրբեջանը ցանկություն կհայտնի, որպեսզի «Ռուսաստանը հակամարտությունում արդարացի դիրքորոշում գրավի եւ Հայաստանի վրա ազդեցություն կգործի` բռնազավթված տարածքներն ազատելու առումով»։
Վերջում փորձագետն ընդգծեց. «Հայաստանի հետ համագործակցության դիմաց Մեդվեդեւի այցից փոխհատուցում չի կարելի սպասել»:




























