Հայաստանյան թերթերից մեկը սեպտեմբերի 2-ի իր համարում գրել էր, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս պաշտոնանկ կարվի: Նրա փոխարեն, ըստ նույն թերթի տեղեկությունների, պետք է մարզպետ նշանակվի ՀՀ ոստիկանության գեներալ-մայոր, ոստիկանության պետի տեղակալ Սաշիկ Աֆյանը: Մարզպետի պաշտոնանկության պատճառը, ըստ տեղեկությունների, մարզում նրա կողմից իրականացվող բազմաթիվ ապօրինություններն ու ֆինանսական չարաշահումներն են:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Կովալենկո Շահգալդյանը հերքեց իր հրաժարականի հետ կապված լուրերը:
Ես աշխատում եմ մամուլի այդ անհեթեթություններին չպատասխանել եւ չարձագանքել: Ես դեռեւս շարունակում եմ աշխատել որպես Կոտայքի մարզպետ, որեւէ այդպիսի խնդիր այս պահի դրությամբ գոյություն չունի: Երբ պաշտոնանկ կանեն, Կառավարության համապատասխան որոշումը կլսեք, դրանից հետո դրանով կա՜մ կցավաք, կա՜մ կուրախանաք:
Ասում են, թե Ձեր պաշտոնանկության պատճառն այն է, որ Դուք բազմաթիվ ֆինանսական չարաշահումներ եք թույլ տվել: Ըստ այդմ՝ Ծաղկաձորում բազմաթիվ հանգստյան տներ ունեք, Ձեր ընտանիքին է պատկանում Չարենցավանի կենտրոնում կառուցված «Մակու» ռեստորանը, ինչպես նաեւ հազարավոր հեկտարների հասնող հողատարածքներ, շենք-շինություններ ունեք Հրազդանում, Չարենցավանում եւ հարակից գրեթե բոլոր գյուղերում:
Եթե այդ մասին վկայողները իմ պաշտոնավարման հետ կապված չարաշահման գոնե մեկ օրինակ գտնեն, այդ ժամանակ ես կհայտարարեմ, որ ինչ իմ մասին գրում են, լրիվ համապատասխանում է իսկությանը: Եթե որեւէ մեկը կգա Ծաղկաձոր, կգտնի այնտեղ որեւէ հանգստյան տուն, որեւէ շենք ու շինություն, որը պատկանում է Շահգալդյան անձին կամ նրա հարազատներին նույնիսկ, այդ պահին ես այդ շենք ու շինությունը կամ հանգստյան տունը երկու օրվա մեջ կնվիրեմ տվյալ անձին:
Իսկ Ձեր հարաբերությունները Սաշիկ Աֆյանի հետ ի՞նչ բնույթի են:
Շատ նորմալ, աշխատանքային: Մենք ընկերներ չենք, բայց որպես պետական ծառայողներ իրար ընդունում ենք, հարգալից վերաբերմունք ունենք միմյանց հանդեպ: Ինձ համար բացարձակապես նշանակություն չունի, թե ինձ ով կփոխարինի: Եթե կգա այդ փոխարինման պահը, ով ուզում է թող փոխարինի: Ում երկրի ղեկավարները կգտնեն, որ պետք է փոխարինի, թող փոխարինի: Դա ո՜չ իմ, ո՜չ Սաշիկի, ո՜չ էլ իմ պաշտոնանկության մասին գրող թերթուկների որոշումով է:
Այնուամենայնիվ, կարծում եք Սաշիկ Աֆյանը արժանի՞ թեկնածու է մարզպետի պաշտոնում Ձեզ փոխարինելու համար:
Եկեք այդ հարցը չքննարկենք: Արժանի-անարժանի հարցը մեր քննարկելու նյութը չի, քանի որ այս պահին այդպիսի խնդիր գոյություն չունի: Ես իմ պարտականությունները կատարում եմ ամբողջ ծավալով եւ համոզված եմ, որ հանրապետության ղեկավարները իմ պաշտոնավարումից, իմ պարտականությունները կատարելուց դժգոհ չեն: Այնպես որ՝ այդ խնդիրը չկա, ես կարծիք հայտնել չեմ կարող: Սաշիկն էլ երեւի իր պարտականությունները կատարում է, այլապես ինչի՞ պետք է զբաղեցներ այդ պաշտոնը:
Իսկ Ձեր հարաբերությունները վարչապետի եւ կառավարության անդամերի հետ ինչպիսի՞ն են:
Նորմալ, աշխատանքային: Հերթով զանգեք կառավարության անդամներին եւ իմ մասին կարծիք հարցրեք: Այդ կարծիքներով էլ իմ մասին կարծիք կկազմեք, թե ես ինչպիսի մարզպետ եմ, ինչպես եմ իրականացնում իր ծառայողական պարտականությունները:
Իսկ հանրապետության նախագահի հետ Ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն են:
Շատ աշխատանքային, լավ, աշխատանքային: Եթե լավ չլինեն այդ հարաբերությունները, այս երկրում ո՞ւմ կպահեն իր պաշտոնում: Ոչ մեկին, կարծում եմ: Պաշտոնը հենց նրա համար է, որ ամեն մեկը, զբաղեցնելով այդ պաշտոնը, կատարի այն պարտականությունները, ինչ- որ ամրագրված է իր պաշտոնի անձնագրում: ...Կարծում եմ, ես դեռ երկար եմ պաշտոնավարելու:
Հ. Գ. Նշենք, որ Կովալենկո Շահգալդյանը 2006 թվականին անդամագրվել է ՀՀԿ-ին, ՀՀԿ Կոտայքի մարզային կազմակերպության խորհրդի նախագահն է, 2009-ից՝ ՀՀԿ խորհրդի անդամ:
Զրուցեց Հեղինե Մանուկյանը




























