Հայաստանի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղ. Ինչպես է դա եղել…» հանրային լայն լսարանի համար նախատեսված գիրքը: Այն սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրվա առթիվ, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության միջոցով տրամադրվել է ՀՀ բուհերի մասնագիտական ֆակուլտետների, ինչպես նաեւ մայրաքաղաքի ու մարզերի ավագ դպրոցների գրադարաններին:
Գիրքը ներկայացնում եւ վերլուծում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի պատմական, քաղաքական, էթնիկ-մշակութային ասպեկտները, ինչպես նաեւ դիտարկում է հիմնահարցի իրական պատմությունը, ռազմական գործողությունների առանձին դրվագներ: Գիրքը չի սահմանափակվում միայն ԼՂ խնդրի վաղ պատմական փաստերի արձանագրմամբ. այնտեղ հանգամանալից ներկայացվում է ողջ ճշմարտությունը սումգայիթյան ողբերգության, դրա կազմակերպիչների, Բաքվում բնակվող հայկական համայնքի ոչնչացման գործողությունների, Ջուղայի մշակութային ոճրագործության, ադրբեջանցիների կողմից իրագործած Մարաղայի ցեղասպանության, ինչպես նաեւ Խոջալուի (ներկայումս Իվանյան) եւ Աղդամի դեպքերի վերաբերյալ:
Մասնավորապես հղում կատարելով հենց ադրբեջանական աղբյուրներին (նախկին նախագահ Ա.Մութալիբովի հարցազրույցը «Նեզավիսեմայա գազետա» թերթին, ադրբեջանցի լրագրող Չ.Մուստաֆաեւի նկարհանումներն ու դիտարկումները)` գրքում ներկայացվում է, թե ինչպես սեփական ազգակիցներին՝ մեսխեթցի թուրքերին Աղդամի մատույցներում սպանդի ենթարկելով` ադրբեջանական ղեկավարությունը փորձում է միջազգային հանրության աչքերում ներկայանալ որպես տուժող կողմ:
Գրքում ներկայացված բոլոր դիտարկումները հիմնավորվում են փաստական նյութերի, սկզբնաղբյուրների, նկարների եւ իրավական ակտերի, պայմանագրերի բնօրինակների պատճեններով:




























