Պիտի ճշտել, թե ով է եկել-գնացել Ապարան, որ նման քամի է եղել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում Սահմանադրական փոփոխությունների նվիրված «Այո»-ի եւ «Ոչ»-ի ռեալիթի շոուին մասնակցող բնակիչների հետ հանդիպման ժամանակ կատակով նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գյուղացիներից մեկը վարչապետին դիմելով ասել են, թե 4-րդ կարգի վթարային շենքում ենք ապրում, մի քանի անգամ փակել են ճանապարհը, բայց օգուտ չկա: Վարչապետն էլ արձագանքելն է, որ իրենք խնդրին ծանոթ են եւ այդ հարցին այսօր լուծում են տալու. «Փող ենք դնելու, հարցը լուծենք, ի՞նչ պիտի անենք»:
Ապարանցիները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչ է լինելու ուժեղ քամու հետեւանքով վնասված տների տանիքների հետ, երբ է փոխհատուցվելու, քանի որ առաջիկա գիշեր ձյուն է սպասվում: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ հենց այս խնդրով է այցելել մարզ:
«Մենք հինգ-վեց մարզերում խնդիր ունենք: Առաջինն Ապարան եմ եկել, բոլոր տեղերում ապարանցիներից ենք խոսում: Մենք հենց այսօր այս հարցին լուծում կտանք, որոշումը կկայացնենք: Բայց պիտի ճշտենք, ով է եկել, գնացել, որ նման քամի է եղել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ուժեղ քամու հետեւանքով ավերածություններ են եղել Հանրապետության մի քանի մարզերում, այդ թվում Արագածոտնում: Վնասի չափերը ճշտվում են:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց նաեւ, թե ինչպես է ընթանում ռեալիթի շոուն, ապարանցիներն ինչպես են քվեարկելու դեկտեմբերի վեցին: Հիշեցնենք, որ «Այո»-ի կենտրոնական շտաբի ղեկավարը Հովիկ Աբրահամյանն է:
«Շատ ճիշտ ձեւաչափ է: Ես հետեւում եմ ուղիղ եթերին, եւ շատ հաճախ շատ սուր հարցեր եմ լսում»,- ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ֆարմանյանին եւ Մարգարիտ Եսայանին ասաց վարչապետը:
Պատգամավորների խոսքով՝ նորմալ հունով ընթանում է քարոզարշավը, մարդիկ հետաքրքրված են եւ շատ հաճախ իրենք են տարբեր հարցեր բարձրացնում:
Նշենք, որ «Հյուսիս» ուղղության մասնակիցներն այսօր գտնվում են Ապարանում:











