Իրանը գնահատում է իր նավթաքիմիական ոլորտում ներդրումների ներուժը։ Այդ մասին գրում է Platts վերլուծական գործակալության բլոգեր Բեն Գոնսալեսը՝ մեջբերելով Իրանի Ազգային նավթաքիմիական ընկերության տնօրեն Շերի Մոկադդամի խոսքերը։ 

Այս ներուժը գնահատում են նաեւ արտասահմանյան հսկաները։ Mitsubishi Chemical Holdings-ի փոխնախագահ Տակահիսա Միույաչին Թեհրանում Մոկադդամի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ընկերությունը պատրաստ է ներդրումների, ընդ որում՝ ոչ միայն գործարաններում, այլեւ՝ տեխնոլոգիաներում։   

Իրանում ներդրումները կարող են քաղաքական առումով շատ ռիսկային թվալ, սակայն երկու լուրջ առավելություն ունեն՝ նավթաքիմիայի համար էժան գոլորշային քրեքինգը եւ Եվրոպայի եւ Ասիայի շուկաների մերձությունը։ 

Իրանական նավթաքիմիական առեւտրական ընկերության տնօրեն Մեհդի Շարիֆ Նիկնաֆասի գնահատականով, պատժամիջոցների վերացումից երկու տարի անց երկրից ոլորտային արտահանումը կարող է աճել 20-25 տոկոսով։

Հոկտեմբերին ԱՄՆ-ը եւ իր գործընկերները հայտնել են այնպիսի քայլերի մասին, որոնք կձեռնարկվեն «ընդունման օրվան», այսինքն՝ Իրանից պատժամիջոցները հանելու պատրաստակամությանն ընդառաջ։ Այնուամենայնիվ, գործընթացը կսկսվի միայն  «ներդրման օրվանից», երբ ՄԱԳԱՏԵ-ն հաստատի, որ Իրանն իրոք կատարում է պարտավորությունները, որոնք ստանձնել է վեցնյակի հետ համաձայնության ընթացքում։ 

Իսկ Գերմանիայի ԱԳՆ-ի ղեկավարի խոսքով, ԵՄ-ի պատժամիջոցները հավանաբար կպահպանվեն առնվազն մինչեւ  2016-ի հունվար, նշում է Ռոյթըրզը։ Նշանակում է, մինչ այդ, Իրանից արտահանման բռնկումներ պետք չէ սպասել, ամփոփել է  Platts-ի բլոգերը։