Իսլանդիայի Գարդաբայրա քաղաքի «Ստյարնան» ֆուտբոլային թիմը գոլերը նշում է շատ ստեղծագործաբար, որի շնորհիվ շարունակում է արագ տեմպերով ժողովրդականություն ձեռք բերել ամբողջ աշխարհում:
Այս թիմը հայտնի դարձավ մի քանի ամիս առաջ, երբ թիմի ֆուտբոլիստները, կարելի է ասել, ռազմավարական որոշում ընդունեցին` գոլերը խաղադաշտում նշել յուրահատուկ մինի-ներկայացմամբ: Այդ որոշումը ռազմավարական էր` ակումբն աշխարհին ճանաչելի դարձնելու տեսանկյունից: Այս տարվա ամռանը ինտերնետում հայտնվեցին «ձկնորսություն», «հեծանվի վարում» եւ «ծննդաբերություն» տեսահոլովակները:
Հերթական ներկայացումը ստեղծագործ իսլանդացիները վերջերս են կատարել: Դարպասի գրավումից հետո թիմի երեք խաղացողները կազմել են զուգարանակոնք հիշեցնող համադրություն, իսկ չորրորդ խաղացողը երկրպագուների գոհ բացականչությունների ներքո «կարիքն է հոգացել»:
Իսլանդական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Ստյարնանի» խաղացողները մարզումների ժամանակ հատուկ մշակում են գոլ տոնելու տարբերակները: Այս թիմը իսլանդական ֆուտբոլի առաջատարներից չէ եւ առաջնության մրցաշարային աղյուսակի միջնամասում է գտնվում:




























