Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը հայտարարել է, որ մտադիր է դիմել երկրի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինին, պահանջելով դպրոցներում արձակուրդ տալ մահմեդական կրոնական տոների օրերին: Այս պահանջը հետեւեց նրան, որ Վրաստանի իշխանությունները որոշեցին դպրոցներում  Զատիկի տոների կապակցությամբ մեկ շաբաթով արձակուրդ տալ երեխաներին:

Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսի ղեկավար Ալի Բաբաեւը հայտարարել է, որ Վրաստանի ԿԳ նախարարությունը Զատիկի օրերին արձակուրդ տալու որոշում կայացնելիս պետք է հիշեր Վրաստանում ապրող 700-800 հազար մահմեդականների մասին եւ հարգեր նաեւ նրանց իրավունքները:

Սպասվում է, որ մոտ ժամանակներս Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ստիպված է լինելու մտորել, թե, արդյոք, շատ չէ՞ր տարվել, երբ Մառնեուլի շրջանում ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ առաջարկում էր «կուրբան-բայրամ»-ը դարձնել համազգային տոն, կամ Ադրբեջանի նախագահին առաջարկում էր վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիա ստեղծել:

Բոլոր դեպքերում, փաստն ակնհայտ է. եթե Վրաստանի իշխանություններն այս ամենից հետեւություններ չանեն, ապա ոչ միայն զուր կանցնեն թուրքերի կողմից աջարների արհեստական մահմեդականացման խնդիրը հաղթահարելու տարիներ շարունակվող ջանքերը, այլ նաեւ պետք է սպասել ավելի լուրջ հետեւանքների` երկրի ողջ կրթական համակարգի մահմեդականացման տեսքով: