Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ասել է, թե «անվտանգության ստուգումներ» գործառույթն ինչու է սոցցանցում հայտնվել Փարիզի ահաբեկչություններից հետո միայն, ոչ թե նոյեմբերի 12-ին Բեյրութում որոտացած պայթյուններից հետո: Նա իր ասելիքը հրապարակել է սոցցանցի իր էջում:
Ցուկերբերգի խոսքով, մինչեւ Ֆրանսիայի դեպքերը Facebook-ում կարծում էին, որ գործառույթն անհրաժեշտ է գործարկել միայն տարերային աղետներից տուժած շրջանների համար: «Մենք այդ կանոնները փոխել ենք եւ այժմ նախատեսել ենք անվտանգության ստուգումը գործարկել նաեւ մարդկանց պատահող այլ աղետների դեպքում», -ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Lenta-ն:
Սոցցանցի ընդլայնված մամուլի հաղորդագրությունում հստակեցված է, որ գործառույթը գործարկելու որոշումը կայացվել է Facebook-ում գրառումների կտրուկ ավելացման պատճառով, որոնցում օգտատերերը տեղի ունեցածի վերաբերյալ լուրեր են փոխանակել եւ փորձել են պարզել, թե ինչ վիճակում են Փարիզի իրենց մտերիմներն ու ծանոթները:
«Անվտանգության ստուգման» իմաստն այն է, որ Facebook-ում հատուկ էջ է հայտնվում, որի օգնությամբ տուժած շրջանում հայտնված օգտատերերը կարող են տեղեկացնել, որ իրենց վտանգ չի սպառնում: Մնացած օգտատերերը կարող են ստուգել, թե արդյոք իրենց ընկերներից որեւէ մեկը հայտնվել է վտանգավոր գոտում:
«Շնորհակալություն բոլորին, ովքեր մեզ են դիմել այս հարցով: Իրավացի եք, որ աշխարհում շատ այլ կարեւոր դեպքեր են տեղի ունենում: Մենք բոլոր մարդկանց հավասար ենք հոգ տանում եւ կջանանք օգնել բոլորին, ով փորձանքի մեջ կհայտնվի», -տեղեկացրել է Ցուկերբերգը:





























