Քննարկվում է Ռուսաստանի Ուզլովսկ քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երեւան երթուղու ուղեւորատար ավտոբուսի վթարից տուժածներից մեկին Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքից Երեւան տեղափոխելու հարցը:

 Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը` վնասվածքաբանության բաժանմունքներում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով:

Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:  Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում:

Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցից դուրս գրված եւ Հայաստան տեղափոխված  երկու հիվանդից մեկը բուժումը շարունակում է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, մյուսը առողջացումով տուն է վերադարձել: