Իշխող կուսակցությունն «Այո»-ի իր քարոզն ամբողջությամբ կառուցում է «Ոչ»-ի և նախկին իշխանությունների դեմ։ Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովի նիստին հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որին վրդովեցրել էր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի դիտարկումները այն մասին, որ ընտրախախտումները հիմնականում եղել են մինչեւ 96թ. եւ որ սահմանադրական փոփոխությունները քննադատողներն այն չեն կարդացել։
«Արդեն որերորդ անգամ կպնում եք մեր կենսագրությանը և հեգնում եք «Ոչ»–ին։ Մեզ գրագիտության դասեր եք տալիս, ասում եք` չեք կարդացել։ Ձեր «այո»-ով զբաղվեք, մոռացեք մեր և Ձեր կենսագրությունը, որովհետև ձեր կենսագրությունը սկսվում է 96– ից, դրանից առաջ Դուք չեք եղել»,– ասաց Մանուկյանը։
Գալուստ Սահակյանը խոստացավ այսուհետեւ ուշադրություն դարձնել «Ոչ»–ի.
«Մինչև այս օրերը «Ոչ»–ին ուշադրություն չեմ դարձրել, այսօրվանից կդարձնեմ` տեսնեմ` ի՞նչ է «Ոչ»-ը, ի՞նչ է հետազոտում, ի՞նչ արգումենտներ ունի։ Իսկ իմ կենսագրությունը թողեք իմ ընկերներին և իմ ընտանիքին և ուրիշի կենսագրության հետ մի համեմատվեք, առավել ևս Դուք։ Ես խնդրում եմ իմ կենսագրության մեջ չտեղավորվել, որովհետև այնտեղ Ձեր համար հարմար անկյուն չկա եւ չի էլ կարող լինել»։











