Մասնագետները Մեքսիկական ծոցում գտնվող BP ընկերությանը պատկանող վնասված հորատանցքից հանել են խցանը: Նավթային գիգանտի ներկայացուցիչները հայտարարել են, որ ծոցի այդ մասում դեռեւս կմնան նավեր` նավթ հավաքելու սարքավորումներով, սակայն դա ավելի շատ զգուշավորության արտահայտություն է, քան իրական վտանգի, քանի որ հորատանցքը լցված է ցեմենտով:

Հորատանցքի գմբեթի վրա կա եւս մեկ խցան, որով սկզբնական շրջանում փորձում էին դադարեցնել նավթի արտահոսքը, սակայն այն իր գործառույթը լավ չկատարեց եւ ստիպված էին նոր գմբեթ օգտագործել:

Հիմա խցանը հանել են, դրել հորատանցքի կողքին եւ փորձում են հանել այն սարքավորումը, որը լավ չի աշխատել: Հանելուց հետո, այն կբարձրացնեն վերեւ, որպեսզի պարզեն, թե ինչն է պատճառը, որ սարքավորումը անհրաժեշտ կերպով չի աշխատում:

Հիշեցնենք, որ Մեքսիկական ծոցում «Բրիթիշ պետրոլիում» (BP) ընկերությանը պատկանող հորատանցքի վթարը տեղի էր ունեցել 2010-ի ապրիլի 20-ին: Պայթյունի եւ հրդեհի հետեւանքով զոհվել էր 11 մարդ, որից հետո հորատանցքից նավթն սկսել էր հոսել դուրս: Միայն օգոստոսի սկզբին են մասնագետները կարողացել դադարեցնել նավթի հոսքը եւ հերմետիկ փակել հորատանցքը: Նավթը ողողել է ԱՄՆ 5 նահանգների ափերը (Լուիզիանա, Ֆլորիդա, Միսիսիպի, Ալաբամա եւ Տեքսաս):