Ամբողջ աշխարհն այսօր ապրում է թվային տեխնոլոգիաներով , բայց ժամանակին դրանք բավարար անվտանգությամբ չեն նախագծվել: Այս մասին նոյեմբերի 16-ին Երեւանում լրագրողներին հայտնել է «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին՝ ելույթ ունենալով ՎիվաՍել ՄՏՍ ընկերությունում:

Նրա խոսքով , հենց այդ պատճառով էլ կիբերհանցագործների հսկայական՝ բազմահազարանոց բանակները հարձակումների նոր տեսակներ են հորինում ու ստեղծում այն, ինչով փչացնում են բոլորի կյանքը: Եվ հակավիրուսներ ստեղծողների մասնագիտությունն ավելի պահանջված է դառնում: «20 տարի առաջ մարդիկ հակավիրուսին շատ իմիջիայլոց էին վերաբերվում՝ դե, թող լինի, մեզ չի խանգարում: Իսկ հիմա կիբերանվտանգության մասին խոսում են ոչ միայն ԱՅԹԻ ֆորումներում , այլեւ տնտեսական առաջատար հարթակներում՝ Դավոսում , մեծ քսանյակի գագաթնաժողովներում: Չէ՞ որ առաջ վիրուսները դեռահասներն էին ստեղծում՝ որպես մանր խուլիգանություն: Իսկ հիմա դրանով կազմակերպված խմբերն են զբաղվում: Եվ ցավոք , այնպես է ստացվել , որ իմ մասնագիտությունն աստիճանաբար ամենաներքեւներից տեղափոխվել է ուշադրության կենտրոն: Մի կողմից դա իհարկե հաճելի է: Բայց ես հասկանում են , որ դրա պատճառն այն է , որ ի սկզբանե ինչ -որ բան այնպես չի եղել: Եվ որպեսզի ամեն ինչ դառնա այնպես, ինչպես պետք է , այսինքն որպեսզի մեր մասնագիտությունը նորից ծայրամասում հայտնվի , պետք է շտկել իրավիճակը: Ինչպե՞ս: Ոչ բոլորը գիտեն , բայց մենք գիտենք: Եվ մենք մտադիր ենք միջնադարից հանել բոլորիս ու տեղափոխել թվային հետարդյունաբերական դարաշրջան: Ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Կասպերսկին: