Եթե նույնիսկ «Կասպերսկու լաբորատորիան» որեւէ մեկի համար վտանգավոր է, ապա կիբերհանցագործների: Այս մասին Երեւանում նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտնել է «Լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին, ելույթ ունենալով «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերությունում:

Հաքերների թիրախները, հասկանալի պատճառներով, հիմնականում պետական կազմակերպությունների, խոշոր բանկերի, հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների սերվերներն են:

Նրանց խանգարելու համար «Լաբորատորիան» համագործակցում է ամբողջ աշխարհի՝ Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, Չինաստանի ու Ճապոնիայի, Իսրայելի ու Էմիրությունների իրավապահ մարմինների հետ: Ընկերությունը համագործակցում է ՀԴԲ –ի հետ ու Ինտերպոլի հիմնական գործընկերն է կիբերհանցագործությունների դեմ պայքարում:

«Դրա համար էլ մենք գիտենք այդ հարձակումների մասին, բայց ոչ մի դեպքում չենք կարող պատմել այդ մասին: Դա կվնասի թե հետաքննությանը, թե թիրախ ընկերություններին: Բայց վաղ թե ուշ գալիս է այն պահը, երբ իրավապահ մարմինները մեզ ասում են «Կասպերսկի, կարելի է»: Եվ այդ դեպքում մենք պատմում ենք տեխնիկական մանրամասները:

Այնպես որ կիբերհանցագործություններով զբաղվողների համար ես ամենաչար ու ամենավտանգավոր մարդկանցից մեկն եմ: Իսկ մյուսներին ես բոլորովին չեմ վնասում»,- ասել է Կասպերսկին: