Ճապոնիայի կառավարությունը Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ է մտցրել, որոնք Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի հետ կապ ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ակտիվների սառեցում են ենթադրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ճապոնական «Կիոդո» գործակալությունը:

Որոշում է ընդունվել սառեցնել միջուկային ծրագրի հետ կապ ունեցող ավելի քան 100 անձանց եւ կազմակերպությունների ակտիվները։

Միջոցների հաստատված փաթեթը, ինչպես նշում է France Presse գործակալությունը, լրացնում է Տոկիոյի կողմից օգոստոսի սկզբին մտցված պատժամիջոցները։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը սրվեց այն բանից հետո, երբ փետրվարի 11-ին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարեց, որ Իրանն արտադրել է մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան եւ հնարավորություն ունի առավել բարձր հարստացման աստիճանով ուրան արտադրել։