Ցավոք սրտի, չի հաջողվում Հայաստանում ինչպես հարկն է շրջել։ Այս մասին նոյեմբերի 16-ին Երեւանում լրագրողներին հայտնել է «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերկին՝ ելույթ ունենալով «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունում։

«Ջանում եմ տարին 2-3 անգամ լինել Հայաստանում։ Իհարկե միշտ ժամանակ չի լինում հանգստանալ եւ ինչ-որ բան նայել, գոնե սար բարձրանալ։ Չնայած անցյալ հոկտեմբերին Սեւանում լողացել եմ։ Ամեն անգամ այնպես է ստացվում, որ գալիս եմ աշնանը, ընդ որում խոր աշնանը։ Այնպես որ մեծ խնդրանք ունեմ, հաջորդ անգամ ինձ ավելի տաք եղանակի հրավիրել Հայաստան»,- ասել է նա։

Իր հերթին «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերությունն ուրախ է ընդունել ՏՏ ոլորտի այնպիսի համաշխարհային դեմքի, ինչպիսին Կասպերսկին է։ «Երբ մեր երկիր են այցելում տաղանդավոր մարդիկ, նրանք իրենց փորձը կարող են փոխանցել մեր երիտասարդներին։ Չէ՞ որ հենց նրանք պետք է կառուցեն այն, ինչ մենք չենք հասցնի։ Ես հավատում եմ, որ նրանք կարող են մեր երկիրն ավելի ճանաչված դարձնել այդ թվում ՏՏ աշխարհում»,- ասել է Յիրիկյանը։