ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Մարկ Քըրքը դատապարտել են Ադրբեջանի հերթական դիվերսիան շփման գծում, որի արդյունքում զոհվել էին երկու եւ վիրավորվել մի քանի զինծառայողներ:
Ինչպես հաղորդել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, կոնգրեսականներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ «Ադրբեջանի դիվերսիան նախորդել է Լեռնային Ղարաբաղի անկախության օրվան»: Կոնգրեսականները նշել են, որ նմանօրինակ մի դիվերսիա էլ եղել էր հունիսի 18-ին եւ կրկին Մարտակերտի շրջանում:
Փալոնն ու Քըրքը նշել են, որ Ադրբեջանի դիվերսիոն գործողությունը չի կարող շարունակվել: «Մենք երկար ժամանակ առաջարկում էինք սահմանափակել Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը, եւ վերջին իրադարձությունները կրկին վկայեցին, որ ԱՄՆ-ը չպետք է այդ երկրին ռազմական աջակցություն ցուցաբերի: Քանի որ ԱՄՆ-ի օգնությունն Ադրբեջանն օգտագործում է տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու համար»,- ասված է նամակում:
Կոնգրեսականները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարի Հիլարի Քլինթոնին սահմանափակել ռազմական օգնությունն Ադրբեջանին:
Նշենք, որ օգոստոսի 31-ին Ադրբեջանը եւս մեկ դիվերսիա էր իրականացրել շփման գծում: Դիվերսիայի արդյունքում սպանվել էր ադրբեջանցի երկու եւ վիրավորվել մի քանի զինվոր:




























