Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչության պետն աշխատանքից ազատել է մետրոպոլիտենի ոստիկանության վարչության պետի տեղակալին այն բանի համար, որ նրա ենթակաները բռնաբարություն են կատարել:

Գնդապետ Ալեքսանդր Տելիցան զրկվել է պաշտոնից` իր ենթակաների կատարած արարքի համար: ՆԳ գլխավոր վարչությունից հայտնել են, որ հանցագործներից մեկը ոստիկանական համակարգում աշխատել է 3, մյուսը` 6 տարի: Նրանց կասկածում են Բելառուսի մի քաղաքացուհու առեւանգելու եւ բռնաբարելու մեջ, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Հանցագործության մանրամասները չեն հաղորդվում, սակայն Lifenews-ի տվյալներով, օգոստոսի 31-ի գիշերը Մոսկվայի Վոլգոգրադի պողոտայում երեք երիտասարդներ առեւանգել են բելառուսցի մի աղջկա, տարել 4-րդ կասկածյալի բնակարան, որտեղ էլ բռնաբարել են նրան: Դրանից հետո եւս մեկ օր նրան պահել են փակի տակ: Սեպտեմբերի 1-ի երեկոյան աղջիկը կարողացել է դուրս պրծնել ու զանգահարել ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են բոլոր 4 հանցագործներին: Պարզվել է, որ նրանցից երկուսը ոստիկանության աշխատակիցներ են:

Նկատենք, որ վերջին մեկ շաբաթում, սա ոստիկանների կողմից հանցագործություն կատարելու առաջին դեպքը չէ: Անցած շաբաթ օրը նույնպես ձերբակալվել էին ոստիկաններ, որոնք կասկածվում էին մարդ առեւանգելու մեջ: