Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հրաժարվել է պատասխանել արտասահմանյան լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, որ վատ գիտի անգլերեն: Դեպքը տեղի է ունեցել ռուսական թեթեւ ատլետիկայում դոփինգային սկանդալի շուրջ մամուլի ասուլիսից հետո:

LifeNews-ի փոխանցմամբ, բլոգերները բազմիցս են ծաղրել Մուտկոյին՝ անգլերենով նրա ելույթների պատճառով: Lenta.ru-ն հիշեցնում է, որ մայիսին Ցյուրիխում կայացած FIFA-ի գործադիր կոմիտեի նիստի ժամանակ նախարարը լրագրողների հետ շփվել էր անգլերենի եւ ռուսերենի խառնուրդով:

2010 թվականին Մուտկոն ներկայացրել է 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունող երկրի ընտրություններում Ռուսաստանի հայտը: «Վիտալի Մուտկո ֆրոմ խիզ խարտ» անվանումով տեսանյութը շուրջ 2 մլն մարդ է դիտել: