Լավատեղյակ աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը պահանջել է ՊԵԿ-ում աշխատող այն մարդկանց ցուցակը, ովքեր ինչ-որ ձեւով կապ ունեն Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Խոսքը պետեկամուտների կոմիտեում աշխատող ԱԺ նախագահի հարազատների եւ նրա միջոցով այնտեղ ընդունված անձանց մասին է:

Տեղեկություններ կան, որ Գագիկ Խաչատրյանը մտադիր է համակարգից ազատել Հովիկ Աբրահամյանի մարդկանց, ոմանց կառաջարկվի դիմում գրել, ոմանք ատեստացիա կանցնեն: Թերթը հիշեցնում է, որ այս ընթացքում ԱԺ նախագահը հասցրել է պետական բոլոր կառույցներում, սկսած Ազգային անվտանգության ծառայությունից, վերջացրած պետեկամուտների կոմիտեով, աշխատանքի տեղավորել իր մարդկանց: «Տեղեկությունները, որ հիմա ՊԵԿ նախագահը փորձելու է ազատվել Հովիկ Աբրահամյանի կադրերից, ուշագրավ են ներիշխանական վերջին զարգացումների ֆոնին, հատկապես իշխանության Սերժ Սարգսյանի թեւ եւ Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան թեւ կոնտեքստում: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի թեւն ամեն կերպ փորձում է թուլացնել Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան թեւին»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը: