Շուրջ 200 հեկտար տարածքով անտառային հրդեհ է բռնկվել ՌԴ Տոլյատի քաղաքի շրջակայքում, որը ստիպել է քաղաքի իշխանություններին սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը արտակարգ դրություն հայտարարել քաղաքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Ուժեղ քամու պատճառով, կրակը շատ արագ տարածվում է: Քաղաքն ամբողջությամբ պատվել է ծխով:
Ծխի պատճառով գիշերը փակվել է Տոլյատի-Սամարա դաշնային ճանապարհը, սակայն լույսը բացվելուն զուգահեռ, տեսանելիությունը լավացել է եւ մայրուղու երթեւեկությունը վերականգնվել է:
Տոլյատիի քաղաքապետ Անատոլի Պուշկովի խոսքով, բնակավայրերին ուղղակի վտանգ դեռ չի սպառնում, սակայն կրակը շարժվում է Զելենովկա գյուղի կողմը:
Հրդեհը մարելու նպատակով Տոլյատի են մեկնել 2 ուղղաթիռներ: ԱԻՆ ներկայացուցիչները հայտնում են, որ հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավել են զինվորականներ:




























