«Առավոտի» հետ զրույցում ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն ասել է, թե Հայաստանում պետք է լինեն քաղաքական ուժեր, որոնք պետք է պահանջեն  Ղարաբաղի ճանաչումը:  Բայց այդ ուժերը չպետք է, երբ ընդդիմության մեջ են, պահանջեն ճանաչել, իսկ երբ իշխանության ներսում են՝ դրան հակափաստարկներ բերել: Արզումանյանը որպես դրա վառ օրինակ բերել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին. «Չպետք է այնպես  լինի, որ Շավարշ Քոչարյանի նման՝ ամբողջ օրը բոլորին քննադատեն, գոռան, կրծքին խփեն ու ասեն, թե անհրաժետ է ԼՂ-ն ճանաչել, իսկ հիմա, երբ փոխարտգործնախարարի փայն իրեն տվեցին, գալ ու տեսակետ ներկայացնել, թե ինչու չի կարելի այս պահին ԼՂ-ն ճանաչել:

Ամենապարադոքսն այն է, որ վերջին տասնամյակում ԼՂ ճանաչման ջատագով Քոչարյանին նվաստացնում են, ուղարկում ու ստիպում, որ նա ԱԺ-ում բացատրի, թե ինչու պետք  չէ ԼՂՀ-ն այս պահին ճանաչել: Ավելի ճիշտ կլիներ, կարծում եմ, հենց Շ. Քոչարյանին ուղղել այդ հարցն ու պարզել՝ բա ի՞նչ եղավ քո սկզբունքային դիրքորոշումը: Բա փոխնախարար ես, պահանջի՜ր թող քեզ հանձնարարեն ԼՂ-ի ճանաչման ուղղությամբ գործ անել, պահանջի՜ր, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ի՞նչ էր եղել»: