Պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչները դավաճանական են համարում Պաղեստինի ազգային վարչակազմի քաղաքականությունը, որն ուղիղ բանակցություններ է սկսել Իսրայելի հետ: Այս մասին նրանք հայտնել են սեպտեմբերի 2-ի երեկոյան Գազայում տեղի ունեցած մամուլի-ասուլիսում: Ասուլիսի կազմակերպիչները մեղադրել են Պաղեստինի ազգային ինքավարության ղեկավար Մահմուդ Աբասին, ով համաձայնել է բանակցություններ վարել Իսրայելի հետ, այն դեպքում, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն երաշխիք չի տվել դադարեցնել «օկուպացված պաղեստինյան տարածքներում» հրեական բնակավայրերի շինարարությունը:
«Համաս»-ի ներկայացուցիչ Աբու Ուբեյդան ասուլիսում հայտնել է, որ ինքը ներկայացնում է 13 պաղեստինյան խմբավորումների ֆորումը եւ փաստացի պատերազմ է հայտարարել Իսրայելին՝ առաջարկելով մյուս խմբավորումներին եւս միավորվել՝ Իսրայելին համատեղ հարված հասցնելու համար: Նա հայտնել է, որ այդ նպատակով պետք է կիրառել հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում նաեւ ահաբեկչության նպատակով իրականացվող ինքնասպանությունները: Իսրայելին ուղղված գործողություններն, ըստ Աբու Ուբեյդանի, պետք է իրականացվեն «ցանկացած տեղում, ցանկացած ձեւաչափով» սկզբունքով:
Նա հաստատել է Պաղեստինի ազգային ինքնավարության հայտարարությունն այն մասին, որ Արեւմտյան ափին Խեվրոնի եւ Ռամալայի շրջակայքում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո պաղեստինյան ոստիկանության կողմից իսլամական ընդհատակյա կազմակերպությունների 550-ից ավելի ակտիվիստ է ձերբակալվել: Նա միաժամանակ հայտնել է, որ «Համաս»-ին չեն մտահոգում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կտրուկ հայտարարությունները:




























