Մինչեւ տնից հասնում եմ աշխատավայր, տասնութ կամերա ինձ նկարում է, անգամ տուալետ չենք կարողանում մտնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում, ՀՀ 2016 թ-ի «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին, նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Եթե այդ ամբողջ նկարածը նայենք, իմ ամբողջ կյանքը նկարած է: Հիմա ինչ է սա, այդքան մտածո՞ւմ եք մեր մասին, որ սխալ քայլ չանե՞նք, «լեւի» չգնա՞նք: Որտե՞ղ գնանք, արդեն հրավիրում են ռեստորան, նախապես հարցնում եմ՝ ձեզ մոտ նկարո՞ւմ են, թե ոչ, մարդ ես, ուզում ես մի անեկդոտ պատմել: Էլ չեմ ասում, որ տանը ամեն ինչ լսվում է, նկարվում է»:
Ի պատասխան Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ Հրանտ Բագրատյանի ասածները չափազանցություն են, թե նրա ամեն մի շարժը նկարում են. «Ես առաջին օրվանից տեսանկարահանող սարքերի տեղադրումը ողջունել եմ: Եթե գտնում եք, որ օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն կա, խնդրեմ, եկեք քննարկենք: Կառավարության ներկայացուցիչները տալիս են համապատասխան պարզաբանումներ, թե ինչու այս կամ այն տարածքում անհրաժեշտ են այդ սարքերի տեղադրումը: Եթե այստեղ խնդիր եք տեսնում, հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ, մենք պատրաստ կլինենք դրանք քննարկելու»,-ասել է Նահապետյանը:
Սա բարկացրեց Հրանտ Բագրատյանին, որը վրդովված ասաց. «Ես ուշադիր լսեցի ձեր պատասխանը: Ես դիմում եմ ՀՀԿ-ականներին՝ լսեք, մեզ մի ձեռ արեք, ձեր բացահայտ կիքսի մասին եմ խոսում, անընդհատ ասում եք՝ հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ: 28 անգամ նախաձեռնությամբ եմ հանդես եկել, մի անգամ քննարկե՞լ եք: Եթե ընդդիմություն ենք, ուրեմն որեւէ բան անել չենք կարող. չեք ընդունի, հա էլ կքննարկեք, սա արդեն ձեւ է դառնում: Տուալետ չենք կարողանում մտնել անգամ»:











