«Ո՞րն է Ղարաբաղի հարցում այսօր իրականացվող մեր քաղաքականությունը»,-նման հարցադրում է անում «Չորրորդ ինքնիշխանություն» թերթն ու հավելում. «Այն ձեւակերպված է շատ հստակ, իմաստն էլ սա է. Ղարաբաղը պիտի ստանա լիակատար անկախություն, դրանից հետո տարածքների մեծ մասը կվերադարձնենք եւ վերջ: Սա է, ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ գլուխներդ պատովը տվեք: Ադրբեջանը, բնականաբար, առայժմ չի համաձայնում այս տարբերակին, բայց «գլուխը պատովը տալու» փոխարեն պատրաստվում է պատերազմի: Մենք, հասկանալի է, նույնպես պատրաստվում ենք պատերազմի եւ հայտարարում ենք, որ անպայման կհաղթենք, որ պատերազմից չենք վախենում եւ այլն: Այս ամենը միանգամայն նորմալ է եւ այդպես էլ պիտի լինի: Եթե բանակցային քաղաքականությունն այնպիսին է, որ միակ լուծումը նոր պատերազմն է, հենց այդպես էլ պետք է վարվել:
Ընդ որում, եթե դու արդեն որոշել ես, որ պատերազմն անխուսափելի է, ՄԱԿ-ի կամ միջազգային այլ կառույցների բանաձեւերն այլեւս զրկվում են որեւէ իմաստից: Ռինգ մտած բռնցքամարտիկների համար ինչ կարեւոր է, թե ում են «բալետ անում» երկրպագուները (եթե, իհարկե, բանը պատժամիջոցներ կիրառելուն չհասնի): Դրա համար էլ սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ում քննարկվելիք բանաձեւն Ադրբեջանին միայն մի օգուտ կբերի՝ եթե նրանք անցնեն հարձակման, միջազգային հանրությունն «ըմբռնումով կմոտենա» եւ մեծ աղմուկ չի բարձրացնի: Բայց դա մեզ չպետք է մտահոգի, որովհետեւ ամեն ինչ այսպես թե այնպես կախված կլինի պատերազմի ելքից»:




























