Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) ներկայացնում են «Կուբիզմի ներածություն» նոր կրթական ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է կենտրոնում գործող «Լիբենսկի Բրիխտովա. Հայաստանի համար» մշտական ցուցահանդեսի շրջանակում:

Ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Առաջին փուլում ծրագրի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու չեխ արվեստագետներ Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործություններին, գեղարվեստական ապակեգործությանն ու գրաֆիկային ԳԱԿ-ի Սասունցի Դավիթ սրահում ներկայացված «Լիբենսկի Բրիխտովա. Հայաստանի համար» ցուցադրության միջոցով, որից հետո մասնակիցներին ներկայացվում է «Կուբիզմ» արվեստի ուղղությունը, իսկ ծրագրի վերջին ստեղծագործական փուլում երեխաները ստեղծում են իրենց կուբիստական աշխատանքները: Մինչ այսօր իրականացվել է «Կուբիզմի ներածություն» ծրագրի շուրջ 33 պարապմունք, որին մասնակցել է  շուրջ 548 երեխա։

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների եւ նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Ուրախ ենք, որ հաղորդակցվելով արվեստի պատմությանը, բացահայտելով նորանոր արվեստի ուղություններ, նրանք հարստացնում են իրենց գիտելիքները եւ իրենց իսկ ստեղծած աշխատանքներով արտահայտում են իրենց հույզերն ու մտքերը։ Իսկ երիտասարդների եւ երեխաների նմանատիպ այցելությունները թանգարան, նպաստաում են պատանիների էսթետիկ դաստիարակության բարձրացմանը՝ խթանելով նրանց ներաշխարհի յուրովի բացահայտմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կուբիզմի ներածություն» ծրագիրը եւս մի հրաշալի հնարավորություն է ընձեռում դպրոցներին ներգրավվելու կենտրոնի կրթական նախաձեռնություններում՝ ամրապնդելով դպրոց-թանգարան կապը: Մասնակիցները ծանոթանում են Ստանիսլավ Լիբենսկու եւ Յարոսլավա Բրիխտովայի ստեղծագործություններին եւ «Կուբիզմ» արվեստի ուղղությանը, ինչպես նաեւ կիրառում են այդ գիտելիքները նոր աշխատանքներ ստեղծելիս: Շնորհակալություն եմ հայտնում մեր մշտական գործընկեր Beeline-ին, որը հովանավորում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերը:»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

Նշենք, որ Beeline-ը եւ Գաֆեսճէան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011 թ.-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ–ի Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի պատկերասրահ Մեկում բացվեց Ինտերակտիվ ուսումնական կենտրոն, որը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է տալիս այցելուների համար հասանելի դարձնել աշխարհի խոշոր թանգարանների եւ այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների եւ տվյալների բազաների առցանց շտեմարանները։