ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնն ու Մարկ Քըրքը շնորհավորել են Ղարաբաղի ժողովրդին անկախության 19-րդ տարեդարձի կապակցությամբ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին հղած նամակում կոնգրեսականները մասնավորապես նշել են. «Սեպտեմբերի 2-ը պատմական օր է անկախության համար Արցախի մղած պատերազմի պատմության մեջ: 1991թ. այդ օրը Արցախի ժողովուրդը հայտարարեց անկախ եւ ժողովրդավարական երկիր կառուցելու իր ցանկության մասին: Այդ ուղղությամբ Լեռնային Ղարաբաղը նշանակալից ձեռքբերումների է հասել»: Վերջին տարիներին, ըստ կոնգրեսականների, Լեռնային Ղարաբաղն ապացուցել է ժողովրդավարական զարգացման եւ միջազգային հանրության հավատարիմ գործընկեր լինելու իր ձգտումները:

Նրանք նաեւ խոստացել են հետայսու եւս աջակցել Ղարաբաղի ժողովրդի ձգտումներին` տարածաշրջանային կայունության եւ տնտեսական բարգավաճման ուղղությամբ: