Ռուսաստանի հատուկ ծառայությունները պարզել են, թե А321 օդանավի պայթյունի պահին կոնկրետ որտեղ է տեղադրված եղել ռումբը։ Աղբյուրների փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքը, որը ենթադրաբար օդանավ էր բարձրացրել Շարմ Էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցը, տեղադրված է եղել օդանավի ողնափայտի տակ։
Հատուկ ծառայությունների աշխատակիցները հանգել էին այդ մտքին այն բանից հետո, երբ ողնափայտի տակ խորհրդավոր անցք էին հայտնաբերել։ Դրա եզրերից վերցրած նմուշները ցույց էին տվել, որ մոտակայքում ինքնաշեն ռումբ է պայթել, փոխանցում է LifeNews-ը։
Ռումբով ճամպրուկը գործի էր դրվել այն պահին, երբ օդանավը թռչում էր 9 հազար մետր բարձրության վրա։ Պայթյունի ալիքը օդանավը 2 մասի էր բաժանել։ Ֆյուզելյաժը եւ պոչամասը պոկվել էին դեռ օդում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ՌԴ ԱԴԾ-ն խոստովանել էր, որ Սինայում ռուսական օդանավի վթարը ահաբեկչություն է եղել։











