ՏՏ սկսնակների համար պետության սահմանած արտոնությունների շրջանակում 2015 թվականի սկզբից ի վեր արդեն 60 ընկերություն է բացվել, որտեղ 250 մարդ է աշխատում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Բիզնես հիմնելու ցանկություն ունեցողների թիվն աճում է: Տարեսկզբին արտոնյալ ռեժիմից օգտվելու հայտերը քիչ էին, իսկ հիմա տասնյակների են հասնում: Հայտերի շուրջ որոշումը կայացնում է պետական-մասնավոր խորհուրդը:
Փոխնախարարի խոսքով, ձեռնարկություններ են բացում նաեւ արդեն գոյություն ունեցող ընկերությունների աշխատակիցները, սակայն հիմնականում նրանք երիտասարդներ են, բուհերի շրջանավարտներ:
Նրանք կա՛մ փորձել են ինչ-որ բան անել փորձի համար, կա՛մ դրամաշնորհ են ստացել Innovation Matching Grants ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ:
Հատկանշական է, որ մի քանի ձեռնարկություններ հիմնել են ո՛չ հայերը. հիմնադիրներ կան Հնդկաստանից, Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից (աշխատակիցները պետք է ռեզիդենտ լինեն, իսկ որպես հիմնադիր կարող են հանդես գալ նաեւ օտարերկրացիները): Այդպիսի ընկերությունները դեռեւս 5-ն են, սակայն, Տարասյանի խոսքով, Հայաստանի նորարական ոլորտում օտարերկրյա հերթական կապիտալը մեծ արժեք ունի:
«Մենք հետեւում ենք ձեռնարկությունների դինամիկային: Եթե նրանք ժամանակավորապես դադարում են գործել, հետ չենք կանչում արտոնությունները»,- հավելեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին պետական աջակցության մասին» օրենքի եւ հարակից օրենքների շրջանակում սկսնակ ՏՏ ընկերությունները 3 տարով ազատվում են շահութահարկից, իսկ եկամտահարկը վճարում են 10%-ի չափով: Արտոնությունները գործում են ոչ ավելի, քան 15 աշխատակից ունեցող նոր ընկերությունների համար, 3 տարի ժամկետով: Օրենքը գործելու է մինչեւ 2020 թվականը, հայտերն ընդունվում են մինչեւ 2017 թվականը:





























